Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը չի պատրաստվում ճանաչել Իսրայել պետությունը: Նոր կառավարության ձևավորումից հետո «Մուսուլման եղբայրների» շահերը ներկայացնող «Ազատության և արդարության կուսակցությունը» պատրաստվում է հանրաքվե անցկացնել Քեմբ Դևիդի հաշտության պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար: Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը, կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Ռաշադ Ալ-Բայումիի խոսքերով՝ «Մուսուլման եղբայրների» ոչ մի անդամ բանակցությունների սեղանի շուրջ չի նստի իսրայելցիների հետ: «Դա հնարավոր չէ ոչ մի հանգամանքներում: Մենք չենք ճանաչում Իսրայելը: Այդ երկիրը թշնամի է, օկուպանտ և հանցագործ, իսկ ես երբեք նույն սեղանի շուրջ չեմ նստի հանցագործի հետ»,- ասել է նա:
Բացի այդ, Ալ-Բայումին նշել է, որ «Մուսուլման եղբայրները» հարգում են «անցումային շրջանում» կնքված բոլոր միջազգային համաձայնագրերը, սակայն չեն պատրաստվում ճանաչել ավելի վաղ շրջանի պայմանագրերը, որոնք կնքվել են առանց ժողովրդի համաձայնության: Այդ պատճառով, նշել է նա, անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել 1979 թ. եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագրի առնչությամբ:
Նշենք, որ «Ազատության և արդարության կուսակցությունը» առաջատար է խորհրդարանական ընտրությունների առաջին երկու փուլերի արդյունքներով:









































