2001թ.-ից ի վեր, այն օրից, երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ երկիր Եվրախորհրդում Հայաստանին մեղադրում են կազմակերպության «ոգու և տառի» տարատեսակ խախտումների մեջ: Ընդ որում, տարիների հետ պատճառները փոխվում են, իմաստը` ոչ: Բայց խնդրի ետևում ավելի լայն հարցադրում է թաքնված` Եվրոպայի իրավապաշտպան այս կազմակերպությունում Հայաստանի մնալ-չմնալու հարցը:
Ընդ որում, կասկածներ հնչում են ինչպես այս, այնպես էլ մյուս կողմից: Հայաստանում կա մարդկանց մի ստվար խումբ, որոնք կարծում են, թե Հայաստանն ունի ինքնուրույն, այլոց չնմանվող սեփական կողմնորոշումներ, ուստի «ունիֆիցիկացված» եվրոպական համակարգում մեր երկրի ներկայությունն աննպատակահարմար է:
Հետաքրքրական է, բայց փաստ, որ Եվրոպական միության պաշտոնական փաստաթղթերից և ոչ մեկում եվրոպական արժեքների հստակ սահմանում գոյություն չունի, որին սիրում են հղում կատարել եվրոպացիները: Երբ արժեքների շուրջ քննարկումներ են տեղի ունենում մեզանում, դրանք անմիջապես հայտնվում են հանապազօրյա, սովորական կյանքից շատ բարձր, մշուշոտ վերևներում: Անմիջապես խոսք է գնում քրիստոնեական ժառանգության, ազգային մենթալիտետի բացառիկ առանձնահատկությունների, մշակութային կոդի և այլնի մասին: Ոմանք էլ գալիս են Եվրոպայի և Հայաստանի միջև արժեքային, սկզբունքորեն աններդաշնակության եզրահանգման, մյուսները հակառակը` պնդում են, որ մեր արժեքներն ընդհանուր են, բայց, դժբախտաբար, ժամանակակից եվրոպացիները հրաժարվել են դրանցից` կործանելով սեփական հիմքերը:
Եվրոպացիներն այս դիսկուսը ուշադրությամբ և զարմանքով են լսում` այն պարզ պատճառով, որ արժեքների մասին այդպիսի խորությամբ քննարկումները հատուկ են միայն մեզ: «Եվրոպական արժեքներն ու սկզբունքները», մեծ հաշվով, ընդհանուր հասկանալի լինելու ապարատ է, որը ինչ-որ ժամանակ համաձայնեցվել է ինտեգրացիայի անդամ երկրների միջև: Դասական իմաստով, արժեքների ընդհանրացումը, որպես մշակութա-հոգեբանական պատկերացումների համալիր, դեպի ակունքներ գնացող ազգային ավանդույթներ և մենթալիտետի պատմական առանձնահատկություն, Եվրոպական միությունում տեղի չի ունեցել: Թեև որևէ մեկը դրան չի էլ ձգտել:
Միության շրջանակներում հաջողությամբ գոյակցում են տարբեր մշակութային, կրոնական և պատմական ավանդույթներ ունեցող պետությունները: Ուղղափառ Հունաստանը և Բուլղարիան հարևանություն են անում կաթոլիկ Իտալիայի, Իռլանդիայի և բողոքական Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսպանիան, առանց միմյանց խանգարելու, հենվում են մեծապետական և կայսերապաշտական սեփական ավանդույթների վրա: Գերմանիան մինչև վերջերս նույնիսկ ձգտում էր ռազմական հեգեմոնիայի, իսկ Լեհաստանն ու Բալթյան երկրները, հակառակը, գտնվում էին արտաքին չընդհատվող ճնշման տակ: Կարելի է գտնել և շատ այլ, առավել նուրբ առանձնահատկություններ:
Պատկերացումների ամբողջությունը ծառայում է ֆունդամենտալ համաեվրոպական քաղաքականությանը, իսկ «կոմպրոմիսը», ավելի շուտ «ինստրումենտալ» է, քան «կոնցեպտուալ»: Այն ենթադրում է համակարգի բազային սկզբունքների միջև ժամանակակից պետության համաձայնություն, որոնք այս փուլում առավել էֆեկտիվ են:
Սուվերենությունների միավորումը, միջպետական կոնֆլիկտների լուծման ժամանակ ուժի կիրառումից հրաժարումը` մի քանի տասնամյակների եվրոպական նորագույն հայտնագործություն է: Դա ամենևին չի նշանակում, որ տվյալ մոդելը վերջնական է: Եվրոպական այս փորձի մեջ կարելի է գտնել տարատեսակ էլեմենտներ, որոնք այլ իրավիճակներում, կարող են լրացնել և ընդլայնել արժեքների արդի համալիրը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա արժեքային կողմնորոշումները դեռևս հստակ ձևակերպված չեն: Երկու տասնամյակում մենք վերիվայրումների ենք ենթարկվում, բայց մագիստրալ ճանապարհին այդպես էլ չենք հասել: Պատմական փորձը, որից ազգը պետք է դաս քաղի իր ինքնության կազմավորման համար, սկզբունքորեն չի տարբերվում ԵՄ անդամ երկրներից: Խոստովանենք, պատմականորեն Հայաստանը եվրոպական քաղաքականության մի մասն է, մեր մշակութային ժառանգությունը կապված է, նախևառաջ, Եվրոպայի հետ:
Որպես եվրոպական ընտանիքի անդամ, որպես հասարակարգ` Հայաստանն ավելի հեռավոր արմատներ ունի հին աշխարհամասի հետ, քան Եվրամիության մեծ մասը, թեև այդ Միության մեջ կան երկրներ (հատկապես նոր անդամների մեջ), որոնց անդամակցությունը շատ ավելի մեխանիկական է, քան օրգանական, թեև քաղաքական մենթալիտետով նրանք մեզ ավելի մոտ են:
Բանը նրանում չէ` ընդունո՞ւմ է Հայաստանը Եվրոպայի առաջարկած սկզբունքները, թե՞ ոչ: Ոչ ոք չի ասում, որ դրանք բացարձակ ճշմարտություն են (թեև որոշ եվրոպացիներ իսկապես այդպես են կարծում, բայց համոզված եմ` ժամանակը կշտկի նրանց): Սակայն տպավորություն է ստեղծվում, որ ամեն գնով մեր ինքնությունը պաշտպանելու այս մոտեցումը հասարակությանն ու աշխարհին ավելի լավ արժեքային «փաթեթ» առաջարկելու մեջ չէ: Ավելի շուտ խոսքը ցանկության բացակայության և կամ ինքնազարգացման անկարողության մեջ է:
Մեր ճանապարհի իրավացիությունն ապացուցելիս, ընդհանրապես, դյուրին է հասնել այն եզրահանգման, որ կոռուպցիան և իշխանության անփոփոխելիությունը հայկական մենթալիտետի սուրբ բաղկացուցիչն է, որը պետք է ազգովին պահել աչքի բիբի պես:
Հայկական այս համակարգը վաղ թե ուշ շտկվելու է, և հավանաբար` այն նույն չափով ու ծավալով, որը տեղի է ունեցել Արևմտյան Եվրոպայում: Դժվար է նաև նպատակակետ հռչակել Եվրոպական միության գաղափարական հիմքը: Նոր ժամանակների մարտահրավերների ազդեցության տակ, անպայմանորեն փոխվելու են նաև արդի արժեքային համալիրը և քաղաքական նպատակներին հասնելու առկա միջոցների վերաբերյալ մեր պատկերացումները: Այլ խոսքով` հետագա ընթացքը կարող է լինել հանդիպակաց` Եվրոպայի ընդհանուր հասկացողության ապարատի ուղղությամբ: Դա անպայմանորեն համընդհանուր ներդաշնակության չի բերի, բայց առնվազն կբարելավի հաղորդակցվելու մեր ունակությունները:









































