Տասը հազարավոր հյուսիսկորեացիներ այսօր հավաքվել էին Փխենյանի գլխավոր հրապարակում` ոտքերը գետնին հարվածելով և վանկարկելով` նոր առաջնորդ Կիմ Չեն Ունին իրենց հավատարմության խոստումը տալու:
Պետական լրատվամիջոցը նաև հեռարձակել է կադրեր, որտեղ ցուցադրվել է, թե ինչպես է Կիմ Չեն Ունը հաղորդակցվում զինվորների հետ այնպես, ինչպես մի ժամանակ իր հայրն ու պապը: Այս կադրերը նպատակ ունեն ապացուցելու, որ Կիմ Չեն Ունը վստահ է իր ուժերի և իշխանության վրա։
Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ ցուցադրված Կիմ Չեն Ունի մասին առաջին վավերագրական ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են զինվորներն ուրախությամբ և նրա անունը վանկարկելով դիմավորում նոր «գերագույն առաջնորդին»:
Associated Press-ը գրում է, որ Կիմին, որպես երրորդ առաջնորդի, ներկայացնելու քարոզարշավն ավելի արագ է ընթանում, քանի որ երկու շաբաթ առաջ սրտի կաթվածից մահացած Կիմ Չեն Իրն իր 24 միլիոն բնակչությամբ ազգը թողել է իր երիտասարդ որդու հույսին, ով մինչ 2010 թվականը, երբ հայտնի դարձավ, որ նա է հաջորդելու հորը, առեղծվածային էր անգամ հենց իրենց՝ հյուսիսկորեացիների համար:









































