Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները խաղաղ բանակցությունների կասեցումից ավելի քան մեկ տարի հետո այսօր առաջին անգամ կհանդիպեն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, տեղեկացնում է Vedomosti-ն` հղում կատարելով ВВС-ին:
Իսրայելի վարչապետի հատուկ բանագնաց Իցհակ Մոլխոն և նրա պաղեստինցի գործընկեր Սաեբ Էրեկատը քննարկելու են խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղիները: Ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա մերձավորարևելյան կարգավորման միջազգային միջնորդների` Եվրամիության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հանդիպման շրջանակներում:
Հանդիպումը չի ենթադրում, որ բանակցային գործընթացը պաշտոնապես մեկնարկել է, և երկու կողմերի ներկայացուցիչները ոչ մի կոնկրետ արդյունք չեն ակնկալում: Պաղեստինը` որպես բանակցությունների վերսկսման գլխավոր պայման, շարունակում է պնդել, որ Իսրայելը դադարեցնի շինարարությունը Հորդանանի արևմտյան ափին և արևելյան Երուսաղեմում: Իսրայելն էլ շարունակում է հայտարարել, որ բանակցությունները պետք է վերսկսվեն առանց նախապայմանների:










































