Վրացական վեց գինեգործական ընկերություններ փետրվարից կվերականգնեն Ռուսաստան գինու մատակարարումը, այսօր հայտարարել է վրաց պատգամավոր Կախա Կուկավան: Նա այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ՌԴ գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոյի հետ` հայտնում է ВЗГЛЯД-ի թբիլիսյան թղթակիցը:
Վերջինիս փոխանցմամբ, հունվարին տեղի կունենան նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես` արտադրանքի լաբորատոր նմուշների փորձարկումները:
Կախա Կուկավան առաջարկել է գործընթացի մեջ ներգրավել նաև վրացական մյուս ընկերություններին:
«Կարծում եմ, որ Ռուսաստան մեր արտադրանքի վերադարձը մեր միակ հնարավորությունն է փրկել գյուղատնտեսությունը, փրկել վրացական գյուղը»,- հայտարարել է Կախա Կուկավան վրացական մամուլում:
Նա իշխանություններին առաջարկել է չխոչընդոտել գործընթացին: Ավելի վաղ նա նշել էր, որ այս ընկերությունների մատակարարումները Ռուսաստան կարող են տարվա կտրվածքով կազմել 10 միլիոն շիշ: Մինչ սահմանված էմբարգոն` Վրաստանը տարեկան Ռուսաստան էր մատակարարում չորս անգամ ավելի թվով շիշ գինի:







































