Նոր տարին գրեթե միշտ աչքի է ընկնում դրական սպասումներով, ակնկալիքներով ու էներգիայով: Ինչո՞վ են պայմանավորված Ամանորի նկատմամբ այսքան դրական սպասումները, ինչպե՞ս է ստացվում, որ դրական էներգիան երբեմն փոխակերպվում է բացասականի ու հանգեցնում ընկճախտի ի վերջո, ո՞ր պահին է հաղթում այդ բացասականը մարդու գիտակցության մեջ:
Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նոր տարվա նախաշեմին մարդը կարծես ի մի է բերում իր անցած տարին, սպասումները, մեկ անգամ ևս մտածում` որքանո՞վ են արդարացել իր ակնկալիքները, և երբ անձը գիտակցում է, որ իր սպասումները չեն արդարացել, նրա մոտ կարող են առաջանալ հուսահատություն, դեպրեսիվ վիճակներ:
«Ամանորն ավելի շուտ կապված է դրական սպասումների հետ: Իսկ հուսահատությունը կարող է փոխակերպվել դեպրեսիայի, երբ անձը մտածի, որ այլևս լավ ապագայի ոչ մի հույս չի կարող ունենալ: Առաջանում է ներքին պայքար, ու մարդուն թվում է` իրենից զորեղ ուժեր կան»,- պարզաբանեց նա` հայտնելով, որ այդ պահերին մարդն ընկնում է սնոտիապաշտության գիրկը և սկսում չհավատալ իր հաջողություններին:
Հարցին ` կա՞ արդյոք վիճակագրություն, որ ամանորյա օրերին աճում է ինքնասպանությունների թիվը, հոգեբանը պատասխանեց, որ հստակ վիճակագրություն չկա, սակայն որոշակի պատմական կամ նշանակալից օրերի նախօրեին (օրինակ` պատմական հիշողության հետևանքով) անձը կարող է ենթագիտակցաբար ներքին անհանգստություն զգալ, բայց չգիտակցել դրա պատճառը:
Ըստ Ռ. Պողոսյանի` նույնը վերաբերում է ծննդյան օրերին: Եթե մարդու ծնունդը համընկնում է մեկ ուրիշի մահվան հետ, տվյալ մարդը ենթագիտակցաբար սկսում է սարսափել իր ծննդյան օրից` մտածելով, թե նույնը կարող է իր հետ կատարվել:
«Այդ օրերին սաստկանում է սոցիալական փսիխոզը, երբեմն այն անվանվում է սոցիալական նևրոզ: Ամանորը ինքնին մեծ աժիոտաժ է ստեղծում. պետք է հասցնել ամեն ինչ, որ ոչ մի բան հանկարծ այն չլինի»,- հավելեց հոգեբանը` նշելով, որ ամանորյա օրերին ինքնասպանություններ գործվում են այնպես, ինչպես տարվա այլ օրերին` տարվա բոլոր եղանակներին:








































