Դերասան Սերգեյ Դանիելյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Մի ֆրանսիացի ընկեր ունեմ, հարցրեցի.- «Նոր տարին ո՞նց անցկացրեցիր»: Ասաց` դեկտեմբերի 31-ի գիշերը գնացել էի թատրոն: Զարմացա. ախր ընտանեկան տոն է, ի՞նչ թատրոն: «Դե հա, ընտանիքիս հետ էի գնացել: 31-ի գիշերը թատրոնները աշխատում են»: Պազվեց` Փարիզում Նոր տարվանն անպայման չէ տանը նստել, կյանքը եռում է իր հունով և թատրոններում տոնածառի ներկայացումներ չկան: Դեռ ավելին: Էտ ընկերս ընտանիքը հավաքել ու գնացել էր նայելու….մի շատ օրիգինալ պիես` «Հեշտոցի նոր մենախոսությունը»: Այ քեզ բան…
Դե արի, հայ մարդ, ու հասկացի էտ եվրոպացիներին, էտ ի՞նչ ձև ա: Իսկապես տարբեր ենք: Պատկերացնո՞ւմ եք որևէ հայ տղամարդու, որ Նոր տարվա գիշերը հավաքի իր ընտանիքը` կնիկ-երեխա ու գնա թատրոն` «Հեշտոցի մենախոսությունը» նայելու: Ճիշտն ասած, էդ պիեսին ծանոթ եմ, շատ հետաքրքիր պիես է. երեք կին են խաղում, ամեն մեկը իր մասին է պատմում: Ռուսաստանում էլ մի քանի թատրոնում բեմադրվել է: Կնոջ հոգեբանության մասին է ընդամենը: Դե, ասում եք, արի ու մի նախանձի… Էդ ֆրանսիացիք ոչ հոգս ունեն, ոչ դարդ:
Իսկ հիմա մեզ հիշենք. ինչո՞վ ենք զբաղված Նոր տարվա օրով: Սկսենք պարտքերից. «Ալոյից` Բլոյին, Բլոյից`Ալոյին» բանաձևը աշխատում է գրեթե բոլոր հայ ընտանիքներում: Պետք է հասցնել, պետք է առնել, պահել, ունենալ, լվալ, մաքրել և վերջապես` դիմավորել: Լավ դիմավորել, որ հետո գալիք մյուս տարին ավելի առատ, անհոգ, ու լավը լինի, քան նախորդը: Էդպես էլ չհասկացանք, որ ինչքան ուզում ես լավ դիմավորի, միևնույնն է` լավ լինելը դրա հետ կապված չի: Ամեն տարի դեժավյուի նման հեռուստացույցը միացնում ես. բոլոր ալիքներով «Բաղնիքդ անուշ» ֆիլմն են ցույց տալիս, երգում են նույն երգիչները, անգամ նրանք, ովքեր արդեն վաղուց չեն երգում, մեռել են, բայց քանի որ Նոր տարվա սովետական «Գալուբոյ ագանյոկին» երգել են, ուրեմն հիմա էլ պիտի երգեն: Մենակ նախագահներն են փոխվում ամեն 4 տարին մեկ, բայց մաղթանքի տեքստը կարծես նույնը լինի: Ինձ թվում է` էդ սենյակը, որտեղ ձայնագրում են նախագահների մաղթանքները, ձայնագրությունից հետո կողպում են մինչև մյուս Նոր տարի: Նույն սեղանը, դրոշը, նույն տեքստը` նույն բովանդակությամբ. ոչինչ չի փոխվում: Երևի այդ մաղթանքը գրվում է մի անհայտ երկրում, անհայտ խմբագրի կողմից բոլոր նախագահների համար: Ուղղակի թարգմանվում է տարբեր լեզուներով, հետո ուղարկվում բոլոր երկրների նախագահներին, նրանք էլ փոխում են միայն անվանումներն ու կարդում:
Հետո բոլորս էյֆորիայի մեջ անցնում ենք գոնե մի անգամ Բաղրամյանի պողոտայով և զարմանում, թե ինչքան անտառ ենք կոտորել, ինչ սիրուն եղևնիներ կարող էինք ունենալ մեր խղճուկ բնության մեջ: Ես մի երկու անգամ հարցրել եմ ծախողներին. «էդ եղևնիները ո՞ր անտառից են»: Ծախողները հպարտությանբ պատասխանել են, որ Ռուսաստանից կամ Վրաստանից են բերել: Դե հո մե՞րը չի: Չեմ հասկացելէ ինչ տարբերություն. եթե Հայաստանի եղևնի չի, ուրեմն կարելի է կտրել ու մի օրվա հաճույքի համար դնել տա՞նը: Հետո լսել եմ, որ հատուկ են աճեցնում, որ հետո կտրեն : Էլի չեմ հասկանում. եթե կտրելու համար կարելի է աճեցնել, ինչո՞ւ չի կարելի աճեցնել ԱՃԵԼՈՒ համար:
Գերմանիայում ամեն դպրոցական երեխա դպրոց ընդունվելուց մի պուճուրիկ եղևնի է նվեր ստանում ծաղկամանի մեջ, որ խնամի: Դրա համար հատուկ տեղ կա հատկացված դպրոցի շենքում: Նոր տարուն այդ եղևնին բերում է տուն ու զարդարում որպես տոնածառ: Տոներից հետո էլի տանում է դպրոց: Եվ էդպես 10 տարի շարունակ: Երբ աշակերտը ավարտում է դպրոցը, էդ եղևնին արդեն 10 տարվա ծառ է դառնում: Այդ ծառերը դասարանով տանում, տնկում են բնության մեջ կամ այգիներում: Դաստիարակչական շատ պրիմիտիվ, բայց փայլուն քայլ: Այդպես դաստիարակված մարդու մտքով անգամ չի անցնի ճյուղ ջարդել, ծաղկապուրակի մեք թքել, ուր մնաց` բնական կտրած եղևնի առնել ու բերել տուն, որ երեխեքը ուրախանան:
Իսկ հիմա եկեք հաշվենք, որ մեր դպրոցներում մոտ մի կես միլիոն երեխա ամեն տարի ավատելուց հետո ունենար իր խնամված եղևնին, որը իր ձեռքով տնկեր, ուրեմն մի կես միլիոն եղևնի ամեն տարի կարող էր ավելանար Հայստանում: Չէ, ո՞նց կլինի: Մենք դպրոցը ավարտելու ավելի գեղեցիկ միջոցառումներ ունենք: Օրինակ մեքենաներից կիսով չափ կախված, հարբած 10-ի ԲԵԵԵ գոռալով ընկնենք հիվանդանոցները, կոտրվածքներ կամ թունավորումներ ստանանք: Կամ տնից հեռու …. Լեզուս չի ֆռռում….Այ դա կհիշվի:
Ես աղանդավոր չեմ և Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է: Եվ իմ մտքով էլ չի անցնի 31-ի գիշերը գնամ թատրոն, թեկուզ ամենալավ ներկայացումը դիտելու: Ես կնստեմ տանը ու ձեր նման բուդ կուտեմ: Շատ եմ սիրում էդ անտերը, մանավանդ եթե ես ինքս եմ պատրաստում, բաստուրմա դնում: Դե հիմա ամերիկացիք էլ հնդկահավ են ուտում, իտալացիք իրենց հին իրերն են շպրտում պատուհանից, հետո՞ ինչ:
Բայց ինչո՞ւ հասցնել ամեն ինչ աբսուրդի. դե եթե գրպանդ չի հերիքում, որ հարևանիդ նման ճոխ սեղան ունենաս, ինչո՞ւ են պետք էդ պարտքերը, քիչ է մնում վարկ վերցնենք, որ Նոր տարին նշենք այնպես, որ հարևանի աչքը ծակենք: Կարծես թե մեզ համար չենք ուրախանում, այլ ուրիշի համար:
Ինչո՞ւ հարստացնել էն մարդկանց, ովքեր վայրենաբար ոչնչացնում են անտառները` մեր վրա 50.000-ով ծառի դիակ նաղդելով: Երբ էդ եղևնիները Նոր տարուց հետո բոմժերը վառում են, սիրտս լցվում է, ախր 5-7 տարվա ծառեր են, կարող էին իրենց համար աճել, թթվածին նվիրելով երկրագնդին: Մենք էլ ուրախանայինք, թե կանաչ երկիր ունենք: Շնորհավոր ձեր բոլորի Նոր տարին, թող որ իսկապես ուրախանանք այդ օրը և ամսի 10-ից հետո, երբ օյաղանանք, հասկանանք, որ արժանավայել ենք անցկացրել տոները և պարտք չունենք: Թող բոլորիդ տներում լինեն արհեստական գեղեցիկ տոնածառներ, որ մեղքի զգացում չունենաք, թե նպաստել եք ծառ սպանելուն: Թող նա, ով բուդ չունի սեղանին, իրեն վատ չզգա. բդի մեջ չի երջանկությունը: Ի վերջո, մեր ագահության պատճառով Հայաստանի մեկ երրորդը սոված է և խմելու ջուր չունի:
Թող բիզնեսմենները էնքան փող ունենան, որ մտքներով չանցնի գյոռմամիշի նման ձվի գինը 3 անգամ թանկացնել: Թող մեզ մեր նախագահի ելույթը չնյարդայնացնի. ի վերջո, իր ճառը ուրիշ նախագահների ճառից գրեթե չի տարբերվում: Ի վերջո, Նոր տարին բոլորիս տոնն է, նախագահներին էլ հեշտ չի ամեն տարի նույն խոստումները տալ և չկատարել: Թող այդ օրը իսկապես բոլորիս համար տոն լինի և 2012 թիվը վերջին տարին չլինի մեր երկրագնդի համար: Ձեր կենացը:











































