ՏԿՆ Միգրացիայի ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ժողովրդին լույս և սեր մաղթեց:
«Քանի որ Հիսուսի ծննդյանն է վերաբերում, և 2000 տարի առաջ պաղեստինյան մի փոքրիկ քաղաքում, մի փոքրիկ քարանձավում մի փոքրիկ մանուկ ծնվեց ու մարդկային կյանքը, միտքը լուսավորեց, ցանկանում եմ, որ այդ լույսը բոլորիս հոգիների մեջ արձագանքվի: Այդ լույսի հետ մեկտեղ, այն սերը, որ Հիսուսն է տարածում, մենք էլ դրանով տոգորվենք մեկս մյուսի նկատմամբ»,- ասաց Գ. Եգանյանը:
Նրա խոսքով, միգրանտները համարձակ մարդիկ են, որ իրենց կյանքի պայմանները բարելավելու համար անորոշ վայրեր են մեկնում, որոշակի զրկանքներ են կրում, բայց մտածելով, որ դրանից իրենց ընտանիքների համար լավ կլինի. «Մաղթում եմ, որ միգրանտները մուտքի երկրներում քիչ խնդիրներ ունենան իրենց կարգավիճակի առումով և ավելի տեղեկացված լինեն ու օրինականության շրջանակներում լինի միգրացիան»:









































