Թող այս տարի չկտրենք այն հենքը, որի վրա մեր ապագա սերունդները պետք է ապրեն: «Առաջին լրատվական»-ին իր ամանորյա բարեմաղթանքը հղեց բնապահպան, Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Ցանկանում եմ, որ մենք մեզ ճանաչենք և գոտեպնդվենք` այն առումով, որ բավականին մեծ առաքելություն ենք ունեցել և ունենք այս մոլորակի վրա: Չդավաճանենք ինքներս մեզ և հավատանք Հայաստանի ապագային: Պետք է չլքենք երկիրը, ինչն ամենակարևորն է: Մնանք և իրոք հասնենք նրան, որ չամաչենք մեր ապագա սերունդներից: Չկտրենք այն հենքը, որի վրա հետագայում մեր սերունդները պետք է ապրեն»,- ամփոփեց իր մաղթանքը Կարինե Դանիելյանը:
Անդրադառնալով այս տարվա սպասելիքներին` նա ասաց, որ եթե բնասեր հասարակությունը կարողանա համակարգային փոփոխությունների հասնել, ուրեմն լուրջ արդյունքի են հասել բնապահպանները: «Քաղաքապետարանը կարծես ցանկանում է էկոլոգիական խորհուրդ ստեղծել. միգուցե այս դեպքում մենք կկարողանանք ազդել այն քաղաքականության վրա, որը քաղաքում իրականացվում է: Կառավարության կայուն զարգացման խորհուրդը քիչ թե շատ սկսել է ակտիվ գործել, և հաջողվում է առանձին հարցեր բարձրացնել և լուծել: Հույս ունեմ նաև, որ կփորձենք այս տարվա ընթացքում համակարգային հարցերը լուծել, որոնցից է հանքարդյունաբերությունը»,- նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:








































