Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, վերջին ամիսներին, բավական նկատելիորեն մի կողմ էր քաշվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եվ ահա բավական անսպասելի, նա որոշեց հրապարակ դուրս գալ, իհարկե առայժմ լռությամբ: Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Հայաստանի մարզիկների մեծարման երեկոյին, որ կազմակերպել էր Գագիկ Ծառուկյանը, և որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը:
Տրամաբանական է, որ հյուրերին պետք է հրավիրի կազմակերպիչը, և այդ տեսանկյունից կասկած չկա, որ Քոչարյանին մասնակցության հրավերն ուղղել էր Հայազտանի Ազգային օլիմպիական կոմիտեն, այսինքն Գագիկ Ծառուկյանը, ով հենց այդ կոմիտեի նախագահի կարգավիճակում էր կազմակերպել այդ միջոցառումը: Այստեղ պարզապես մի քանի հարցեր են առաջանում:
Ծառուկյանը արդյո՞ք համաձայնեցրել է Ռոբերտ Քոչարյանի հրավերը Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն, Սարգսյանն արդյո՞ք նախապես տեղեկացվել և հավանություն տվել է այդ հրավերին, քանի որ միջոցառմանը ներկա պետք է լիներ նաև ինքը: Մյուս հարցն այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող էր Գագիկ Ծառուկյանին արգելել հրավիրել Ռոբերտ Քոչարյանին: Մեկ այլ հարց է նաև այն, թե արդյո՞ք Քոչարյանին ուղղված հրավերը Ծառուկյանն ինքն էր մտահղացել, թե՞ Քոչարյանն ինքն է Ծառուկյանին հորդորել հրավիրել իրեն:
Պարզ է իհարկե, որ Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ դեմ չեն եղել համատեղ մասնակցությանը: Այս տեսանկյունից, շատ հետաքրքրական է դառնում Գագիկ Ծառուկյանի դերը, ով փաստորեն հանդես է գալիս որպես Քոչարյանին ու Սարգսյանին կապող օղակ, կամուրջ: Այսինքն, Ծառուկյանը փորձում է հարթել այն անկյունները, որ կան Սարգսյանի և Քոչարյանի միջև: Ընդ որում, ուշագրավն այն է, որ ԲՀԿ ղեկավարը այդ մասին խոսում էր իր հայտնի հարցազրույցում, որտեղ ներկայացրել էր առավել լայն կոալիցիա ապահովելու հավակնություն, հայտարարելով, թե ԲՀԿ-ն փորձելու է լինել այդ կոալիցիայի լոկոմոտիվը:
Դրանից հետո իհարկե ԲՀԿ-ն հայտնվեց ՀՀԿ, այսինքն Սերժ Սարգսյանի թիրախում, և ի վերջո Ծառուկյանը ստիպված եղավ ևս մի հարցազրույց տալ և հայտարարել փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին հավատարիմ լինելու մասին, որով ԲՀԿ-ն ճանաչում է ուժերի ներկայիս դասավորությունն ու պարտավորվում չմրցել ՀՀԿ դեմ, բայց, այժմ ահա Ծառուկյանն ըստ երևույթին փորձում է այդուհանդերձ գործնականում քայլեր կատարել, որոնք կվկայեն իր առավել մեծ դերակատարության մասին:
Ակնհայտ է, որ եթե նա կարողանում է հանդիսանալ Սարգսյան-Քոչարյան տանդեմին կապող օղակ, հարթել նրանց միջև քաղաքական հակասությունները, ապա հայտնվում է թերևս ամենաշահեկան վիճակում, քանի որ այդ իրողության պարագայում ԲՀԿ-ն միանգամից ունենում է անվտանգության երկաստիճան համակարգ՝ Սարգսյան և Քոչարյան, որոնք իրենց շահից ելնելով երկուստեք ապահովելու են ԲՀկ անվտանգությունը: Բայց, եթե Գագիկ Ծառուկյանին չի հաջողվում անել դա, ապա այստեղ իհարկե ԲՀԿ-ն կարծես թե բաց է երկու կողմից էլ, քանի որ թե Սարգսյանի, թե Քոչարյանի հետ լինելը նրա համար սպառնալիք է՝ ամեն կողմ ունի ուրույն սպառնալիք, այսինք յուրաքանչյուրի կողմում գտնվելը տարբեր սպառնալիք է խոստանում, բայց ընդհանուր առմամբ երկու դեպքում էլ իրավիճակը սպառնալից է ԲՀԿ համար:
Հատկապես հենց սա հասկանալով է, որ Ծառուկյանը փորձում է ակնհայտորեն չթեքվել որևէ մեկի կողմ, ձգտելով հնարավորինս երկար մնալ միջանկյալ վիճակում: Խնդիրը պարզապես այն է, որ ներկայումս այդ վիճակը պակաս վտանգավոր չէ, քանի դեռ Սարգսյանն ու Քոչարյանը այսպես ասած չեն հովանավորում այդ միջանկյալությունը և ամեն մեկը փորձում է ԲՀԿ վերմակը քաշել իր վրա: Գագիկ Ծառուկյանն այս վիճակում ունի մեկ այլ խնդիր էլ: Նա թե Սարգսյանին, թե Քոչարյանին պետք է հավաստիացնի, որ ինքը Տեր-Պետրոսյանի առաջարկը չի ընդունի և չի միանա կամ գործակցի Կոնգրեսի հետ:
Հավանաբար հենց դրա համար էլ ԲՀԿ առաջնորդը օգտվելով առիթից փորձել է համատեղ մասնակցություն ապահովել իր միջոցառմանը, ցույց տալով, որ ինքը ընդունում է թե Սարգսյանին, թե Քոչարյանին, և այդ ընկերակցությունն է իր համար նախընտրելին: Թե ինչ է հաջողվել Ծառուկյանին, իր հնարավոր բոլոր նպատակներից կամ թիրախներից, կերևա առաջիկա զարգացումների ընթացքում: Նվազագույնը կլինի այն, որ Ծառուկյանին հաջողվի ստանձնել Սարգսյանի և Քոչարյանի միջև միջնորդի դերը:
Չի բացառվում, որ համաձայնելով համատեղ մասնակցությանը, նրանք համաձայն են այդ տարբերակին, թեև նրանցից յուրաքանչյուրը դա առավելապես կհամարի ժամանակ շահելու տարբերակ, մինչև վերջնականապես հնարավոր լինի տիրանալ Բարգավաճ Հայաստանին: Բանն այն է, որ ԲՀԿ-ն ներկայումս ակնհայտորեն դառնում է ավելորդ օղակ: Կարևոր օղակից, այն դառնում է ավելորդ օղակ: Սերժ Սարգսյանն արդեն հօգնել է իշխանության մեջ երկրորդ, թեկուզ փոքր բայց բավական ամուր գլխի առկայությունից, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հոգնել է թերևս այդ գլխի մասին, այդ գլխի անվտանգությունն ապահովելու հօգսից և կգերադասի պարզապես ինքը լինել այդ գլխի տերը: Հետևաբար, Ծառուկյանի ջանքերն իզուր են:
ԲՀԿ-ին վիճակված չէ լինել կամուրջ, կամ եթե վիճակված էր, ապա ընդամենը Քոչարյանից Սարգսյան անցման շրջանի համար: Անցումը սակայն ակնհայտորեն չի ստացվում, որովհետև Հայաստանի առաջ դրված են նոր խնդիրներ՝ թե ներսից՝ հանրային ակտիվությամբ, թե դրսից՝ աշխարհաքաղաքական զարգացումներով: Եվ իրավիճակը ոչ թե Քոչարյանի նախագահության շարունակությունն է, այլ ունի բոլորովին նոր ելակետեր, ինչն էլ ենթադրում է բոլորովին նոր իրավիճակ, երբ գետի կամ այս կողմում ես, կամ այն՝ անցուդարձ չկա, հետևաբար կամուրջը ավելորդ է:
ԲՀԿ-ն պետք է թերևս գիտակցի դա և որոշի, թե որ կողմում է ինքը: Ընդ որում, դա ամենևին չի նշանակում անցում Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի կողմ: ԲՀԿ-ն ինքը կարող է կողմ դառնալ: Թե ինչ կողմ, դա արդեն պետք է հենց ինքն էլ որոշի, բայց որ կամուրջ լինել չի կարող, դա արդեն իսկ որոշել է ժամանակը, որի վրա ազդել՝ ոչ խոսքով, ոչ գործով, Գագիկ Ծառուկյանը չի կարող:









































