Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) քուրդ պատգամավոր Լեյլա Զանան Rudaw կայքին տված հարցազրույցում ասել է, որ քրդերը պետք է ունենան իրենց անկախությունը.
«Քրդերը Միջին Արևելքում անկախություն են պահանջում գրեթե 100 տարի։ Սակայն Իրանի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի կառավարությունները ոչինչ չեն արել քրդերի համար։ Նրանք փորձում են քրդերին համոզել, որ ավելի լավ կլինի, եթե գտնվեն իրենց իշխանության ներքո։
Երբեմն այդ 4 երկրները թշնամաբար են տրամադրվում միմյանց հանդեպ, և դու զգում ես, որ նրանց միջև գոյություն չունի որևէ համաձայնություն։ Բայց երբ գործը հասնում է քրդական հարցին, նրանք բոլորն էլ միավորվում են։ Քրդերը ցայժմ մասնատված և ճնշված են Սիրիայում, Թուրքիայում ու Իրանում։ Բարեբախտաբար, քրդերն Իրաքում ունեն իրենց ինքնավարությունը։ ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան՝ ժողովուրդների ինքնորոշումը վերաբերում է նաև քրդերին։
Պետք է վերջ տրվի քրդերի հանդեպ հարկադիր քաղաքականության կիրառմանը։ Քրդերն իրավունք ունեն իրենց հողում վճռելու իրենց ապագան։ Ազատությունը, ինքնավարությունը, ֆեդերալիզմն ու անկախությունը նույնպես մտնում են քրդերի իրավունքների մեջ։ Թուրքիան կարող է ստեղծել դաշնային համակարգ, ինչպես որ Գերմանիան է։ Անկարան կարող է վճռել դաշնային հարցեր, իսկ քրդերը կարող են վճռել տարածաշրջանային խնդիրներ։
Քրդերը պետք է իրենց ապագան վճռեն հանրաքվեի միջոցով։ Նրանք պետք է իրենց ապագան վճռելու իրավունք ստանան, ինչպես որ աշխարհի ցանկացած ազգի դեպքում է։ Աշխարհը պետք է ընդունի դա։ Սակայն թուրքական կառավարությունը ցանկանում է յուրովի լուծել քրդական հարցը։ Ակնհայտ է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը խաբում է քրդերին։
Քրդերը չեն ցանկանում պատերազմել, թուրքական կառավարությունն է դա նրանց հարկադրում։ Եթե թուրքական կառավարությունը ցանկանում է քրդական հարցը լուծել երկխոսության միջոցով, ապա նա պետք է ի հայտ բերի քրդերի դեմ իրականացված բոլոր հալածանքների ու ցեղասպանության վկայությունները։ Այսօր Թուրքիայի քրդերը կարծում են, որ ինքնավարությունն իրենց համար բավական չէ»։











































