Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության տարեվերջյան նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումներին, որոնք ներկայացրել ու պարզաբանել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը:
Նա մասնավորապես նշել է, որ տարվա բյուջեով նախատեսված ծախսերը բաժանվել են եռամսյակային համամասնություններով և դրանք վերջնական տեսքի բերելու համար հարկ է, որ պետական գերատեսչությունների ղեկավարները մինչև 2012թ. հունվարի 20-ը ֆինանսների նախարարություն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում: Դրանք նպատակաուղղված են փոքր բաժնեմասերի տերերի շահերի պաշտպանությանը, այդ կառույցների գործունեությունը տնտեսավարման ներկա պահանջներին համապատասխանեցնելուն և արդյունավետությունը բարձրացնելուն: Օրինագիծը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը:
Կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ կորպորատիվ կառավարման կոնոնագրքին և պետություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգին:
Ըստ վերջին փաստաթղթի` հասարակական ծառայությունների մատուցման գործում լրացուցիչ միջոցների ներգրավման ուղղություններից մեկը պետության և մասնավոր հատվածների համագործակցությունն է:
Դրա շնորհիվ պետության համար ազատվում են բյուջետային զգալի միջոցներ, ռիսկերի մի մասը փոխանցվում է մասնավոր հատվածին, իսկ վերջինիս համար առաջանում են նոր ներդրումային հնարավորություններ և եկամտի նոր աղբյուրներ:
Նիստում գործադիրը որոշել է գործազրկության նպաստի չափ սահմանել` 19500 դրամ: Միաժամանակ հաստատվել է գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում նպաստի նշանակման կամ վերահաշվարկամն կարգը, նաև` փոփոխություններ և լրացումներ են կատարավել այդ խնդիրը կարգավորող` կառավարության մի շարք որոշումներում:
Հաստատվել է երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Ծրագրի նպատակներն են կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, երեխաների խնամքի հաստատությունների գործունեության բարելավումը, առողջապահության ոլորտում երեխաների որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը և այլն:
Սահմանված խդիրների լուծման նպատակով գալիք տարում նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում, այդ թվում` մշակութային-մարզական բնույթի: Սոցապնախարար Ն. Ասծատրյանի ներկայացրած փաստաթղթով` 2011 թվականի տասնմեկ ամսվա տվյալներով` միակողմանի ծնողազուրկ երեխաների թվաքանակը կազմել է 1271 երեխա (2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 206-ով կամ 13%-ով), այդ թվում`268 զոհված զինծառայողների երեխաներ:
Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 2 հաստատություններում երեխաների խնամք: 2011 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով խնամվում է սոցիալապես անապահով, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած ընտանիքների 52 երեխա:
Նիստում գործադիրը երեք որոշում է ընդունել կրթության բնագավառին առնչվող:
Հաստատվել է բուհերում սովորողների ակադեմիական շարժունության կարգը, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ 2012-2013 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, նաև`նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ 2012-2013 ուստարվա մասնագիտությունների ցանկերը:
Մասնավորապես, հաստատվել է, որ ԱրՊՀ-ում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում կլինի 26 մասնագիտություների գծով, իսկ հեռակա կարգով`14:
Գալիք տարում կբացվեն մասնագիտական երկու նոր բաժիններ`տեղեկատվական կառավարման համակարգեր և օգտակար հանածոների հետախուզում ու մշակում:
Փոփոխություններ են առաջարկվել «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ԼՂՀ օրենքում, որոնց նպատակն է ուժեղացնել տեսչական հսկողությունը:
Փոփոխություն է կատարվել կառավարության 2008թ. №322 որոշման մեջ, ըստ որի`տաքսամոտորային փոխադրումներում կարող են ներգրավվել ռուսական արտադրության միայն 10 տարի և ավելի փոքր տարիք ունեցող, իսկ արտասահմանյան արտադրության`15 և ավելի ցածր տարիք ունեցող ավտոմեքենաներ:
Հավանության է արժանացել ԼՂՀ առողջապահության նախարարությանը ենթակա հաստատությունների միջին բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և բուժաշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը: Ըստ կարգի`մրցույթն անցկացվում է մասնակիցների հետ հարցազրույցի միջոցով` բուժաշխատողների լիազորությունների շրջանակներում, մասնակցի գործնական կարողությունները և պաշտոնական գործառույթների իմացությունը ստուգելու նպատակով:
Գործադիրը հաստատել է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման կարգը: Ըստ այդմ`պարզաբանման է ենթակա իրավական ակտով չկարգավորված ցանկացած հարց, որը կիրառման տեսանկյունից կարիք ունի հավելյալ մեկնաբանության:
Կառավարությունը կիրառության մեջ է դրել ԼՂՀ-ում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ: Սահմանվել է, որ «2009» և «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ առկայության դեպքում ալկոհոլային խմիչք արտադրողներին կարող են տրամադրվել նաև «2009» և «2010» թվագրվածները:
Նիստում հաստատվել են ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգը և սահմանվել համապատասխան պայմաններ:
Ընդունված կարգի համաձայն`ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ապահովել ոստիկանության համապատասխան ծառայողի ներկայանալը տվյալ տարածք, եթե դիմումի մեջ չեն նշվել ոստիկանի ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:
Իրավական բնույթի մի այլ որոշմամբ հաստատվել են մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը: Մարդու իրավունքները սահմանափակելիս`անձը իրավունք ունի իմանալու իր իրավունքների սահմանափակման պատճառները, հիմքերը, իր իրավունքները սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը և ազգանունը, նաև`հատուցում ստանալ իրեն պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցների`ոստիկանության կողմից օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց:
Գործադիրը երկու որոշում է ընդունել օդային երթևեկության և բեռնափոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Հաստատվել է աէրոնավիգացիոն կապի և դիտարկման, օդերևութաբանական ապահովման, աէրոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը: Համապատասխան կարգ է հաստատվել նաև վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու առնչությամբ:
Գործադիրը ուժը կորցրած է ճանաչել կառավարության 2000թ. №260 որոշումը և հաստատել հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու նոր կարգը: Մասնավորապես սահմանվում է, որ տեղեկությունները համապատասխան տարածքային մարմիններ են ներկայացվում ինչպես թղթային, նույնպես և էլեկտրոնային տարբերակով:
Նիստում հավանության է արժանացել Մարտակերտի շրջանի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումների ցանկը: Ըստ այդմ` մի շարք տեղանուններ վերափոխվել են հին`հայկական-պատմական անվանումներով:
Նիստում կառավարությունը հաստատել է նաև Հադրութի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկը: Այնտեղ ընդգրկված նշանավոր հուշարձաններից են մի շարք եկեղեցիներ, ամրոցներ, Ազոխի քարանձավը և այլն:
Նիստի ավարտին Ա. Հարությունյանը շնորհավորել է ներկաների և մեր ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել, որ 2012 թվականը լինի նոր ձեռքբերումների և խաղաղության տարի:
Այս մասին հայտնում է ԼՂՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:









































