Կրասնոդարի կենտրոնում այսօր ոստիկանությունը ձերբակալել է քաղաքում հայտնի բնապահպան Սուրեն Ղազարյանին, երբ վերջինս Ձմեռ պապի հագուստով պիկետ էր անցկացնում՝ հաջակցություն Սերգեյ Ուդալցովի: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով քաղաքի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը:
Ղազարյանի կողմնակիցները gazeta.ru-ի հետ զրույցում հաստատել են այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ դա միայնակ պիկետ է եղել և համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ:
Ակտիվիստի ընկերները նաև պատմել են, որ Ղազարյանը բողոքում էր ոչ թե Ուդալցովի ձերբակալության դեմ, այլ հաջակցություն «Խիմիկինսկի անտառի պաշտպանության» ակտիվիստ Յարոսլավ Նիկիտենկոյի: Վերջինս ձերբակալվել էր Ուդալցովին զորակցության ակցիաներին մասնակցելու համար:
РИА «Новости-ն նշում է, որ Ղազարյանի պիկետը տեղի է ունեցել երկրամասի ադմինիստրացիայի շենքի մոտ, նրա կողքին եղել է Ձյունանուշի շորերով մի աղջիկ, որն էլ նկարահանել է ամեն ինչ:
Ոստիկանությունից հայտնել են, որ Ղազարյանի գործով կազմվել է արձանագրություն ադմինիստրատիվ իրավախախտման համար:










































