ԱՄՆ-ում ավելի շատ երիտասարդ աղջիկներ աշխատանքից հեռանում են մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար:
Ինչպես հայտնում է The New York Times-ը, վերջին 30 տարվա ընթացքում սովորող երիտասարդ ամերիկուհիների թիվը գերազանցել է աշխատողների թվին: ԱՄՆ աշխատանքի հարցերով նախարարության տվյալների համաձայն` վերջին երկուսուկես տարվա մեջ աշխատանքի է ընդունվել մոտ 178 հազար 16-24 տարեկան ամերիկուհի: Միևնույն ժամանակ աշխատանքից ազատվել է 412 հազար երիտասարդ:
The New York Times տվյալների համաձայն` երիտասարդ կանայք առաջին հերթին դժգոհ են առաջարկվող աշխատանքից կամ աշխատավարձից: Ուսումնական հաստատությունում ստանալով ավելի բարձր որակավորում` նրանք հույս ունեն ապագայում ուսման վրա ծախսված գումարը հետ ստանալ լավ աշխատանքի միջոցով:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում սովորների թիվը վերջին երկու տարվա ընթացքում աճել է, սակայն կանանց թիվը գրեթե երեք անգամ գերազանցում է տղամարդկանց թվին: Դեռ ավելին, ԱՄՆ բուհերի ներկայացուցիչների խոսքերով՝ ուսումնական հաստատություններից շատերում երբեմն տեղ չկա նոր ուսանողների համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր ուսումնական հաստատություններում ֆինանսական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու մասին, քանի որ ավարտելուց հետո նախկին ուսանողները ստիպված էին կրթության համար վերցրած վարկի պարտքերը մարել: Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ում կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար:








































