Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ կառավարությունն այսօր նիստում ավելի դյուրին է դարձրել դեղերի, բուժական մեթոդների և բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն ստանալու գործընթացն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։
Փոփոխվել և լրացվել է կառավարության «Բարեգործական ծրագրերի մասին» նախկինում ընդունած որոշումը, ինչի շնորհիվ կապահովվեն ՀՀ կառավարության աշխատակազմի բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքները։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի տնտեսած միջոցներից 55 մլն դրամը հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնին փոխանցելու համար` արագացուցչի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Կառավարությունը որոշել է «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին, քանի որ համալսարանը պետության լիազորությամբ և աջակցությամբ լուրջ հիմքեր ունի զարգացնելու միջբուհական կրթությունը` մշակելով և կիրառելով միասնական չափորոշիչներ, դպրոցն ապահովելով որակյալ մասնագետներով։





































