Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայում անցկացված մարդահամարի տվյալներով`հանրապետությունում բնակվում է 240,705 մարդ։ Մարդահամարն անցկացվել է այս տարվա փետրվարին, դրա նախնական արդյունքները հրապարակվել են մարտին, իսկ վերջնական արդյունքները՝ այժմ։
Աբխազիայի բնակչության 50.3 տոկոսը (121,255 մարդ) բնակվում է քաղաքներում, իսկ 49.7 տոկոսը (119,450 մարդ)` գյուղերում։ Բնակչության 46.4 տոկոսը տղամարդիկ են, իսկ 53.6 տոկոսը՝ կանայք։ 100-ից բարձր տարիք ունի 37 մարդ։
Աբխազիայի բնակչության մեջ գերակշռում են աբխազները՝ 122,069 մարդ, ապա վրացիները՝ 43,166 մարդ, հայերը՝ 41,864 մարդ, ռուսները՝ 22,077 մարդ։ Ընդհանուր առմամբ, Աբխազիայում բնակվում են 91 ազգի ներկայացուցիչներ։








































