Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններում տեսնում է ԱՄՆ-ի միջամտությունը, որը փորձում է «ապակայունացնել միջուկային տերությունը»:
«Նրանք ցանկանում են ապակայունացնել ոչ թե ինչ-որ մեկին, այլ Ռուսաստանը, որը միջուկային տերություն է»,- հայտարարել է Չավեսը, որի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Վլադիմիրը կհաղթի նոր ընտրություններում, նորից կդառնա Ռուսաստանի նախագահ։ Նրանք ցանկանում են կասկածի տակ դնել նրա առաջնորդությունը, փորձում են պառակտել Ռուսաստանը, ապակայունացնել այն։ Դա կայսերական նախագիծ է, յանկիների կայսրության նախագիծը՝ հասնել համաշխարհային առաջնության»,- ասել է նա:
Չավեսի խոսքերով՝ համաշխարհային տերությունները նույն բանն արել են արաբական աշխարհում՝ բաժանելով և ապակայունացնելով այդ երկրները, ինչպես նաև Աֆրիկայոմ և Լատինական Ամերիկայում: Նա համոզմունք է հայտնել, որ «ամերիկյան կայսրության հետ կապված» Վենեսուելայի ընդդիմությունը «նույնպիսի ծրագիր» է մշակում և կոչ է արել չտրվել սադրանքներին:









































