2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Յոսու քաղաքում կայանալիք «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները. միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցի նաև Հայաստանը:
Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու են 105 պետություններ և 9 միջազգային կազմակերպություններ: Ցուցահանդեսի հիմնական խորագիրն է` «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները. միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը», որի ներքո հայաստանյան մասնակցությունը պետք է անցկացվի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով:
Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է ներկայացնել իր տնտեսական և մտավոր ներուժը, ինչպես նաև՝ իր մշակույթը և պատմությունը: Չնայած Հայաստանի Հանրապետության տարածքում ծովային ռեսուրսների բացակայությանը, մեր երկիրն ունի հնարավորություն և ներուժ՝ ներկայացնելու իր մոտեցումներն ու լուծումներն այս կարևորագույն համաշխարհային խնդիրների քննարկման շրջանակներում:











































