Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ տարվա եզրափակիչ նիստը:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը բացման խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը և դրվատել ԱԳԳԾ իրականացմանն ուղղված միջգերատեսչական համադրման արդյունավետությունը:
Նա ընդգծել է, որ ԱԳԳԾ-ով նախանշված նպատակների իրագործմանը ցուցաբերվել է համալիր մոտեցում, որը նպաստել է Դաշինքի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:
Իր ներածական ելույթում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Տոնոյանը հանգամանալից ներկայացրել է Դաշինքի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, հատկապես անդրադառնալով ՆԱՏՕ-ի գործողություններին հայ զինծառայողների մասնակցությանը և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ից և անդամ երկրներից ստացված աջակցությանը:
Նիստին ամփոփվել են 2011թ. ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ով նախատեսված նպատակների իրագործման արդյունքները, արձանագրվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ առկա զգալի առաջընթացը:
ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և նախանշել նոյեմբերի սկզբին հաստատված Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2013թթ. փաստաթղթով նախատեսված հիմնական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:









































