Ընտրական շրջանը պետք է օգտագործել ժողովրդական այլընտրանքային իշխանություն ձևավորելու նպատակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը` խոսելով գալիք տարվա մարտահրավերների մասին: Խոսել գալիք տարվա մասին նշանակում է նկատել այս տարվա միտումները, որոնք, ըստ նրա, էական են: Գ. Չուքասզյանը մարտահրավերները բաժանեց երկու մասի:
«Միջազգային մարտահրավերներից էին «արաբական գարուն»-ը, մոսկովյան ձմեռով պայմանավորված գործընթացները: Ժողովրդավարության դերը կտրուկ աճում է: Այս մարտահրավերները պայմանավորված են ընտրական փուլերով: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր գալարներն էլ են մարտահրավերներ: Սիրիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ ներհայաստանյան վիճակի վրա»,- ամփոփեց բանախոսը:
Անդրադառնալով ներքին գործընթացներին` նա նշեց, որ դրանք պայմանավորված են համակարգային փոփոխությունների հասարակության պատվերով: Ըստ նրա` Հայաստանը գտնվում է փոսում, և այս փոսից դուրս գալու համար անհրաժեշտ է համաժողովրդական շարժում: «Անհրաժեշտ է նեխած ընտրամեքենայով ընտրությունների արատավոր շրջանից դուրս գալ: Սա ենթադրում է փուլայնություն, դա լավագույն ժամանակաշրջանն է ժողովրդի մոբիլիզացման համար»,- մեկնաբանեց Գ. Չուքասզյանը` հավելելով, որ այն պետք է օգտագործել ժողովրդական այլընտրանքային իշխանության ձևավորման համար:
«Սարդարապատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները նույնիսկ կարող են տալ այդ ձևավորման ուրվագիծը: Նրանք կհամագործակցեն այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք պատրաստ կլինեն այս նախագիծն իրագործել: Ինչպես պետք է ձևավորվի այդ ճակատաը. մենք պետք է կարողանանք տալ դրա ուրվագիծը: Բանախոսն ասաց. «Պետք է ստեղծվի այլընտրանքային իշխանության կորիզ, և այդ փուլը պետք է սկսվի Հայաստանում: Կստեղծվի սահմանադիր ժողով, որը անցումային կառավարություն կձևավորի»:









































