Գնաճի զսպման քաղաքականության տեսակետից, երբ միջազգային կառույցները գնահատումներ են տալիս, նրանք շարժվում են բացարձակ ցուցանիշներով՝ առանց խորանալու այն քաղաքականության նրբերանգների մեջ, որ գործադրվում է: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը`գնահատելով Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մասնագետների բարձր գնահատականը ՀՀ-ում գնաճի զսպման մասին (այս տարվա մարտին գրանցված առավելագույն 11.5% ցուցանիշից հետո նոյեմբերին գնաճը նվազել է մինչև 4.8%):
Ըստ նրա` Ֆիտչի մեթոդաբանության մեջ լավ կլիներ, որ օգտագործվեր դրամայնության աստիճանի գնահատում: Այսինքն՝ թե ՀՀ-ում ապրանքափոխանակության ո՞ր մասն է, որ կատարվում է փողի՝ դրամի միջոցով:
«Խայտառակ իրավիճակ է՝ աճ է արձանագրվել ապրանքափոխանակության ձևով ապրանքաշրջանառության մեջ: Այսինքն՝ մարդիկ, հատկապես մարզերում մեկ ապրանքը փոխարինում են մեկ այլ ապրանքով, որտեղ չի օգտագործվում փողը, և չի կատարում տնտեսագիտական իր հիմնական ֆունկցիան»,- ասաց Ա.Մինասյանը:
Նրա խոսքով, երկրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ դրամը՝ որպես ազգային արժույթ, էականորեն թույլ դիրքերում է:











































