Грузия Online-ի փոխանցմամբ, միլիարդատեր ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են Թբիլիսիի քաղաքային դատարանի այսօրվա վճիռը, որն ուժի մեջ թողեց Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանը։
Փաստաբան Էկա Բեսելիան լրագրողներին հայտնել է, որ իրենք բողոքարկելու են որոշման այն հատվածը, որն առնչվում է Բիձինա Իվանիշվիլիին, քանի որ նրա կնոջ՝ Եկատերինա Խվեդելիձեի մասով իրենք շահել են դատական գործընթացը (դատարանը չեղյալ է հայտարարել Խվեդելիձեին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հրամանը)։
Բեսելիան ընդգծել է, որ մոտ ժամանակներս իրենք Իվանիշվիլիի վերաբերյալ դատավճիռը բողոքարկելու են Թբիլիսիի վերաքննիչ դատարանում։










































