Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գ. Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀԱԿ ատիվիստ Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նա փոխանցեց, որ այս դատական նիստի ընթացքում կատարվել է մեկ տուժողի, ոստիկան Վոլոդյա Գրիգորյանի հարցաքննությունը: «Ես միջնորդություն ներկայացրեցի Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի դեմ հարուցված վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, սակայն դատավորը գտավ, որ պետք է այն հետաձգել մինչ ապացույցների հետազոտումը»,- ներկայացրեց Ս. Ոսկանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից միջնորդություն ներկայացվեց նրա նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու մասին, սակայն դատարանն այն ևս մերժեց:
Տեղեկացնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, ինչի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարվա ազատազրկումն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ ոստիկանության աշխատակիցների և ՀԱԿ ակտիվիստների միջև: Արդյունքում ՀԱԿ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մինչ այսօր անազատության մեջ է:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2012թ հունվարի 24-ին:









































