Ուղղաթիռը, որը ուղևորվում էր դոնոր սրտի համար, վթարի է ենթարկվել Ֆլորիդա նահանգում: Ուղղաթիռում գտնվող բոլոր երեք ուղևորները մահացել են:
Ինչպես հայտնում է Assosiated Press գործակալությունը, բժիշկների տվյալներով՝ ուղղաթիռը դուրս էր եկել Ջեքսոնվիլ քաղաքի Մայո կլինիկայից, որպեսզի դոնորական սիրտ վերցներ Գեյնսվիլում գտնվող Ֆլորիդայի համալսարանական բժշկական կենտրոնից:
Bell 206 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Պալատկա բնակավայրի մոտ, որը գտնվում է Գենսվիլից 70 կմ արևելք: Ուղղաթիռում գտվում էին օդաչուն և Մայո կլինիկայի երկու աշխատակից:
Ուղղաթիռների շահագործման անվտանգության հարցերով մասնագետ իրավաբան Գերի Գոբը գործակալությանը հայտնել էր, որ Bell 206 ուղղաթիռները գրեթե չեն օգտագործվում դոնորական օրգաններ տեղափոխելու համար թռիչքի ցածր բարձրության, սահմանափակ արագության և փոքր խցիկի պատճառով:
Նահանգի իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները:










































