2011թ.–ին ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը, Արթուր Գևորգյանը և Արայիկ Քոթանջյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Շնորհավորելով պարգևատրվողներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ հաջորդ տարեսկզբից խրախուսման մեխանիզմներ կկիրառվեն կիսամյակային կտրվածքով լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջ անների և նրանց աշխատակազմերի համար , ինչը մրցակցային առողջ պայմաններ կապահովի նաև մյուսների համար. «Վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի լավ պատկեր կունենանք նաև մյուս վարչական շրջաններում, ինչի համար թե քաղաքապետարանի և թե վարչական շրջանների աշխատակազմերը պետք է աշխատեն ավելի արդյունավետ, Երևանին և երևանցիներին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ լինեն առավել սրտացավ ու հետևողական»,- նշել է Տարոն Մարգարյանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:











































