Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի (նախկին 21-րդ միջնակարգ դպրոց) դահլիճում դեկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին տեղի կունենա պետական միջոցներով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում կառուցված 4 սենյականոց բնակարանների առաջին վիճակահանությունը:
«Շիրակ կենտրոնից» «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ իրենք դիտարկելու և տեսաձայնագրելու են վիճակահանությունների ամբողջ ընթացքը:
«Թեև անօթևան ընտանիքներին բնակարանների փաստաթղթային հատկացումն ընթացիկ տարում տեղի ունեցավ, սակայն 2011 թ. նախատեսված 1756 բնակարանների շահագործումը հետաձգվեց 2012 թ.:
Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Շիրակ կենտրոնը» Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի դրամաշնորհային օժանդակությամբ, «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, 2010-2011թթ. բնակարանաշինության և բնակարանների բաշխման գործընթացում հրապարականության ապահովում և մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրել է Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարանների հատկացման գործընթացի դիտարկում:











































