«Ռեդ Բուլլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը, ով 2011 թվականին իր մարզական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ ճանաչվեց «Ֆորմուլա-1»-ի հաղթող, ВВС-ին տված հարցազրույցում նշել է, որ հաջորդ մրցաշրջանում սպասում է լուրջ մրցակցության, ինչպես նաև «Ռեդ Բուլլ»-ի` ավստրիացի ինժեներների կողմից պատրաստվող նոր բոլիդը համեմատել է երեխայի ծնունդի հետ.
«Թիմում բոլորը սպասում են նոր մեքենայի ստեղծման հետ կապված աշխատանքների ավարտին: Այդ առումով բացառություն չեմ և ես: Դա կարելի է համեմատել երեխայի ծնունդի հետ: Ես դեռ հայր չեմ դարձել և չեմ կարող հաստատել, թե որքանով է այս համեմատությունը ճիշտ, բայց թիմում շատերն են ասում, որ ինձ համար դրանք շատ նման պրոցեսներ են:
««Ֆորմուլա-1»-ում միջմրցաշրջանն այդքան էլ երկար չէ: Այդ ժամանակահատվածում պետք է հասցնել ամբողջովին վերականգնվել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Սակայն «արքայական ավտոարշավ»-ի մասին ես չեմ մոռանա, ուղղակի կփորձեմ ազատվել սթրեսից:
Հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի զրոյից, և բոլոր ավտոարշավորդները կունենան հավասար հնարավորություններ: Եթե մենք կարողանանք ոչ միայն պահպանել, այլև գերազանցել 2011 թվականին մեր ունեցած արդյունքները, ապա մրցաշրջանը մեզ համար ֆանտաստիկ կստացվի»:







































