Raspberry Pi Foundation բարեգործական հիմնադրամը սկսել է 25 դոլար արժողությամբ համակարգիչների փորձարկումը: Այս մասին հաղորդում է հիմնադրամի պաշտոնական բլոգը:
Եթե փորձարկումը հաջող անցնի, կսկսվի սարքի մշտական արտադրություն: Դրանք հնարավոր կլինի գնել 2012թ. հունվարից: Համակարգիչների մի մասը աճուրդի կհանվի:
Համակարգիչը հասանելի կլինի 25 և 35 դոլարով: Դրանք միմյանցից տարբերվում են USB-պորտերի քանակով (1 կամ 2), Ethernet միակցիչի առկայությամբ (առավել էժան տարբերակ այն չունի) և օպերատիվ հիշողությամբ (128 կամ 256 մեգաբայթ): Համակարգչի նախատիպը ներկայացվել էր մայիսին:
Երկու մոդելներն էլ օգտագործում են ARM պրոցեսոր 700 մեգահերց հաճախականությամբ, իսկ որպես կրիչ օգտագործվում են SD ֆորմատի հիշողության քարտեր:
Raspberry Pi-ն աշխատում է Linux կամ RISC OS օպերացիոն համակարգով: Այն ունի Iceweasel դիտարկիչ և Koffice փաթեթ: Համակարգիչը նախատեսվում է առաջին հերթին օգտագործել դպրոցներում՝ երեխաներին ծրագրավորում սովորեցնելիս:
Raspberry Pi Foundation հիմնադրամը ստեղծվել է 2009թ.: