Կուբայի իշխանությունները ուրբաթ երեկոյան ներում են շնորհել 2900 բանտարկյալների, այդ թվում՝ նրանց, ում Հավանայի քննադատներն անվանում են այլախոհներ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, համաներման մասին հայտարարել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, որը ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ, որպես համաներման առիթ նշել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի առաջիկա այցը:
Կուբայի ԱԳՆ-ն, սակայն, նշել է, որ ամերիկացի Ալան Գրոսը, որի ճակատագիրը անկյունաքարային է դարձել Վաշինգտոնի և Հավանայի միջև հարաբերություններում, համաներման չի արժանանա:
61-ամյա Գրոսը ձերբակալվել է 2009թ. դեկտեմբերին և մեղադրվում է ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագրով Կուբայի հրեական համայնքի օգտին համացանց անօրինական մուտք գործելու մեջ: Այս տարվա գարնանը նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:
ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ Հավանայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների լուրջ բարելավումներ չեն լինի, քանի դեռ Գրոսը բանտում է:










































