«Հայռուսգազարդ» ընկերությունը 2012-2014 թվականներին նախատեսում է ներդնել 11 մլրդ 940.6 մլն դրամ (առանց ԱԱՀ–ի), որից 2012 թվականին՝ 3 մլրդ 248.9 մլն դրամ: Ընկերության ներդրումային ծրագիրն օրերս արժանացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությանը:
Սովորաբար, «Հայռուսգազարդ»-ի կատարած ներդրումները ներառվում են սակագնի հաշվարկի մեջ և, ի վերջո, դրանց դիմաց վճարում է սպառողը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԾԿՀ Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը հայտնեց, որ այս ներդրումներն առաջիկա տարում գազի գնի թանկացում չեն բերի. «Խոսում ենք մի ծրագրի մասին, որը դեռ պետք է իրականացվի: Այսինքն, իհարկե, երբ հետագայում սակագներ վերանայելիս լինենք, այդ բոլոր ներդրումները սակագներում ներառվելու են,բայց խոսքը չի գնում առաջիկա տարվա մասին»:









































