Հայաստանն ու Վրաստանը բյուջետային դեֆիցիտների նվազեցման հարցում առաջընթաց ունեն: Սա Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության գնահատականն է, որ հրապարակվել է «Եվրոպայի զարգացող տնտեսություններով երկրների վերլուծություն. Կանխատեսում 2012-ի համար» զեկույցում: Ըստ դրա` 2 երկրներն էլ ճգնաժամի շրջանում միջազգային ֆինանսական կառույցներից օգնության շնորհիվ առավելություն են ստացել, սակայն արտաքին սպառնալիքների կանխարգելման ավելի ծանր խնդիր են լուծում:
Զեկույցի համաձայն նշվում է, որ եվրագոտու տնտեսական և ֆինանսական կանխատեսումները հանգեցնելու են տնտեսական ավելի փոքր աճի, ֆինանսական գերխոցելիության և վարկանշային մի շարք բացասական գործողությունների ԱՊՀ զարգացող տնտեսություններով երկրներում:
ԱՊՀ երկրներից Fitch-ի դրական վարկանիշ`ստացել են ՌԴ-ն, Ղազախստանն ու Ադրբեջանը: Գործակալության փորձագետների կարծիքով, տարածաշրջանի երկրների մեծամասնությունը պետք է պետական ֆինանսների կայունացման աշխատանքներ իրականացնի և դրանցից շատերն արդեն հաջողությամբ իրականացնում են այդ ծրագրերը:











































