«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը գրում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսել է 2012 թվականի բյուջեի մսխումը նախընտրական կաշառքի տեսքով: Պարզվում է, որ ամիսներ առաջ ՀՀ Կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկել է, որպեսզի բյուջեի հատկացումները կրթության ոլորտում ավելացվեն` ուսանողներին կրթաթոշակները բարձրացնելու մասով: ՀՀ վարչապետն էլ չի դիմադրել:
Բայց սա արվել է զուտ ընտրությունների համար: Թերթը գրում է, որ տեղեկություններով ՀՀ պետական բյուջեից 60 միլիոն դրամ է հատկացվելու կարիքավոր ուսանողների կրթաթոշակը գալիք տարվա մեջ ավելացնելուն: «Ընդգծում ենք. սա ոչ թե շարունակակն գործընթաց է կամ էլ փաստի արձանագրում, որ պետությունը որոշել է բարձրացնել թոշակները, այլ սովորական նախընտրական կաշառք է, որը բաժանվելու է երիտասարդներին մոտակա մի քանի ամսվա շրջանակներում: Այսինքն` 2012 թվականի պետական բյուջեն, որը գոյանում է հարկատուների հաշվին և որը հավաքվելու է ՀՀ քաղաքացիներից` ընտրակաշառքի տեսքով բաժանվելու է ազգաբնակչության կոնկրետ խմբի:
Թերթը մեկ այլ նրբություն է նկատում նաև: ՀՀԿ-ն որոշել է նախ գնել, այսինքն` փչացնել ուսանողներին, ավելի որոշակի` Հայաստանի վաղվա օրը: Ոչ վաղ անցյալում կրթական համակարգն ու բուհերը ապականեցին դաշնակցական գործիչները` ԿԳ դաշնակցական նախարարների գործուն ջանքերով: Հետո եկավ ՕԵԿ-ը: Հիմա նույն բանը աննախադեպ արագությամբ և ավելի մեծ ծավալով անում է ՀՀԿ-ն` ի դեմս Հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի, որը միայն սիրում է խոսել եվրոպական արժեքներից: Իսկ ՙգործի մեջ՚ նա առանձնապես չի տարբերվում իր նախորդներից»,-գրում է թերթը:










































