Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում ընդունել է Վրաստան այցելած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսին, որը այցելել է նաև տեղի նորաբաց ԵԺԿ-ի գրասենյակ։
Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Մարտենսին՝ եվրոպական ինստիտուտներում Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողությունները որպես օկուպացիա արմատավորելու գործընթացն արագացնելու համար։
Մարտենսն իր հերթին Վրաստանը որակել է որպես մոդել և օրինակելի երկիր. «Սաակաշվիլին իրական ժողովրդավարություն է հաստատել Վրաստանում, բարեփոխումներ է իրականացրել ոստիկանության ու արդարադատության ոլորտներում։ Այժմ Սաակաշվիլին կենտրոնացել է ընտրական բարեփոխումների վրա՝ ազատ ընտրությունների անցկացման համար»։
Մարտենսը նաև հույս է հայտնել, որ ԵԺԿ-ի կոլեկտիվ անդամ հանդիսացող և Վրաստանում իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը հաղթանակ կտանի 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։











































