Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ամփոփելով 2009-2010 ուստարին, նշեց, որ ԵՊՀ-ն ունի իր պատմության մեջ առավելագույն թվով՝ ավելի քան 19,000 ուսանող, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, առկա և հեռակա ուսուցման համակարգերում, ասպիրանտուրայում և այլն. «ունենք գիտակրթական գործունեություն իրականացնող՝ մեկ տասնյակը գերազանցող կենտրոններ, ունենք բազմաթիվ այլ ստորաբաժանումներ, այսինքն՝ ԵՊՀ, լինելով Հայաստանի ամենամեծ կրթական հաստատությունը, իրականացնում է բազմազան աշխատանքներ բոլոր ուղղություներով: Անցյալ տարի դեկտեմբերին տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նիստում ընդունվել է ԵՊՀ զարգացման 2010-14 թթ. ռազմավարական ծրագիրը, և մենք փորձելու ենք այդ ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնել: Համալսարանում իրականացման փուլում են կրեդիտային համակարգով ուսուցման ներդրման աշխատանքները: Հաջորդ տարվանից համալսարանի բոլոր կուրսերում կունենանք ներդրված կրեդիտային համակարգ»: