Սպառողների վստահության ինդեքսի նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ցուցանիշը շարունակում է աճել` 2011թ. երկրորդ եռամսյակի 101.3%-ից այս եռամսյակ հաստատվելով 106.3% մակարդակի վրա:
Այս եռամսյակում զգալի աճել է ընթացիկ պայմանների ինդեքսը` 11.8%-ով, ընդ որում, ենթաինդեքսներից ամենամեծ աճը գրանցվել է ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսի գծով` 15.4%, ինչը շուրջ 13 տոկոսային կետով ավելի է, քան նախորդ եռամսյակի աճը: Աճել են նաև ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու փաստի և նախորդ եռամսյակի նկատմամբ եկամուտների փոփոխության ինդեքսները:
Ապագա պայմանների ինդեքսն աճել է 2.5%-ով` նախորդ եռամսյակի 0.6%-ով նվազումից հետո: Գալիք եռամսյակում զբաղվածության աճի վերաբերյալ տնային տնտեսությունների սպասումների ինդեքսը աճել է 4%-ով, մինչդեռ նախորդ եռամսյակում նույն ինդեքսի գծով գրանցվել էր շուրջ 3% նվազում: Այս եռամսյակ մի փոքր նվազում է գրանցվել միայն հաջորդ եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ինդեքսի գծով:
Նշենք, որ սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:










































