ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի ձմեռային արձակուրդը Հավայան կղզիներում նախնական տվյալներով կարժենա 4 միլիոն դոլար: Ըստ տեղեկությունների՝ սա ԱՄՆ 44-րդ նախագահի առայժմ ամենաթանկարժեք արձակուրդը կլինի:
«Հավայան կղզիների լրագրողներից մեկը հայտնել է, որ միայն ճանապարհորդությունը կարժենա 3.629622 դոլար, որը բավականին մեծ գումար է»,– հաղորդում է The Blaze-ը: Նշենք, որ այս գումարի մի մասը կվճարեն հարկատուները: Սակայն հասկանալի է, որ աշխարհի ամենազորեղ առաջնորդներից մեկի անվտանգությունն ու հաճելի ժամանցն իր նստավայրից հեռու ապահովելն էժան չէր կարող լինել:
Արձակուրդի թանկությունը պայմանավորված է նաև նրանով, որ ընտանիքը Հավայան կղզիներ է մեկնում առանձին-առանձին: Բարաք Օբամայի` կառավարությունում կիսատ մնացած գործերի հետ կապված՝ Միշել Օբաման դուստրերի հետ ստիպված է եղել արդեն իսկ մեկնել հանգստանալու: Իսկ ընտանիքի հայրը նրանց կմիանա փոքր-ինչ ավելի ուշ: Սա 100.000 դոլարով ավելացրել է ծախսը` անվտանգության, ճանապարհորդության և անձնական ծախսերի ավելանալու պատճառով:









































