France-Presse գործակալությունը, վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Իրանում ձերբակալված ամերիկացի լրտես Ամիր Միրզա Հեքմաթին հանդիսանում է իրանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի, որը աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար։
Նշվում է, որ Հեքմաթին ծնվել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում։ 2001 թվականին նա համալրել է ամերիկյան բանակի շարքերը և 10 տարի ստացել հետախուզական կրթություն։ Մինչ Իրան գործուղվելը Հեքմաթին, որը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն է ունեցել, գտնվել է Աֆղանստանի Բահրամ ամերիկյան բազայում։
Ամերիկյան պլանի համաձայն՝ Իրանում իր աշխատանքի սկզբնական փուլում Հեքմաթին պետք է որոշակի օգտակար տեղեկատվություն տրամադրեր իրանական հետախուզությանը, ինչը կնպաստեր նրա բուն գործունեություն ծավալելու համար նպաստավոր պայմանների առաջացմանը, ապա պետք է սկսեր ապատեղեկատվություն տրամադրել Թեհրանին։
Սակայն Իրանի հատուկ ծառայություններին հայտնի է եղել այդ մասին, և Իրան մուտք գործելու ժամանակ Հեքմաթին ձերբակալվել է։ Նրա ձերբակալության մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 17-ին։ Սկզբնական շրջանում հայտարարվել էր, թե նա Իրանի քաղաքացի է։





































