Չնայած, որ իրաքցիներն այսօր տոնում են ամերիկյան զորքերի հեռանալը, 9 տարի տևած պատերազմի հետևանքները դեռևս շատ ակնհայտ են: Քաղաքական գործիչները վախենում են, որ երկրում կարող են բռնություններ սկսվել:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր առավոտյան Իրաքից հեռացել են ամերիկացի վերջին զինվորները` ուրախություն առաջացնելով իրաքցիների շրջանում: Բայց ուրախությունը երկար չի տևել, քանի որ այն փոխարինվել է ապագայի նկատմամբ անհանգստությամբ:
Associated Press-ը տեղեկացնում է, որ առավոտյան աղբի կույտի տակ թաքցված ռումբը պայթել է և դարձել երկու մարդու մահվան պատճառ: Եվս չորս մարդ վիրավորվել է: Սա ամենավերջին պայթյուններից էր, և վախ կա, որ ամերիկացիների գնալով այսպիսի դեպքերը երկրում կշատանան:
Ռազմական վարչակազմի ղեկավար, գեներալ Բաբքեր Զեբարին այսօր ասել է, որ իրենք պատրաստ են պայքարելու ահաբեկչական խմբերի դեմ:











































