Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը Ֆրանսիայի Սենատ վերադարձվել է ոչ թե ի հակակշիռ Թուրքիայի՝ արաբական աշխարհում ունեցած ակտիվության և դրա հնարավոր հետևանքների, այլ պայմանավորված է եվրոպական այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Սուրեն Մանուկյանը:
«Թուրքիայի ակտիվությունը Սիրիայում ձեռնտու է Ֆրանսիային, քանի որ նրանք նույն տրամաբանությանն են դավանում՝ ճնշումներ գործադրել արաբական այդ երկրի գործող նախագահի վրա: Օրինագծի վերադարձը ֆրանսիական Սենատ ավելի շուտ կապում եմ այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Սարկոզին ընտրվել է մի քաղաքական ուժի կողմից, որը հստակ աջակողմյան ուժ է: Միաժամանակ, Ֆրանսիայում բավական լավ դիրքեր ունեն այլ աջակողմյան ուժեր ևս: Այս քայլով Սարկոզին փորձում է շահել այդ շրջանակի ընտրողներին, ովքեր դեմ են Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը: Սրանով ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ Սարկոզին, ասես, ձայներ է հավաքում: Այնպես որ, Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը Ֆրանսիայի Սենատ վերադարձը շատ լավ տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ:
Ֆրանսիայի նախագահի նման քայլը նպատակ ունի նաև շահել հայ համայնքի քվեները: Բայց ես առավել կարևորում եմ այս քայլով ոչ թե ընդհանուր ընտրողների մեջ փոքրաթիվ հայ համայնքին սիրաշահելու հանգամանքը, այլ առավելապես ֆրանսիական աջակողմյան ուժերի, ընտրողների ձայները տանելը»,- նկատեց արևելագետը:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին Սենատի օրակարգ էր վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Նշենք նաև, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին, 196 դեմ և 74 կողմ ձայներով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:











































