Դատական իշխանությունն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համար շարունակում է աքիլլեսյան գարշապար մնալ: Այս մասին նախարարն ասաց այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Այս ոլորտում փոփոխություններն ընթանում են ամենադանդաղ կերպով: Ամեն անգամ այս համակարգի մասին խոսելիս ասում եմ, որ խնդիրները բազմաթիվ ու բազմաշերտ են: Ոլորտում անելիքները շատ մեծ են: Եկող տարի պատրաստվում եմ կատարել աշխատանք, որը կապահովի դատական իշխանության հանդեպ վստահության բարձրացումը, դատական ակտերի բողոքարկման տոկոսի իջեցումը, փաստաբանական ինստիտուտի կայացումը և այլն»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` ամիսներ առաջ իրեն հայտնած անվստահության փաստին, Հրայր Թովմասյանը նկատեց, որ ՄԻՊ-ին դիտարկում է որպես իր դաշնակից: «Բայց ես մտավախություն ունեմ, որ, Աստված չանի, ժողովուրդը կարող է հիասթափվել նրանից: Ես չեմ ուզում գնահատականներ տալ նրան, սակայն կարծում եմ՝ կգտնենք համագործակցության առավել շատ եզրեր»,- ասաց նա:
Հրայր Թովմասյանը, անդրադառնալով իր կատարած աշխատանքի սեփական ինքնագնահատականին, նշեց, որ հինգբալանոց համակարգով իրեն 3 է գնահատում դատական համակարգում, 4` նոտարիատում կատարած աշխատանքի և 4` ռեգիստրի համակարգում կատարած աշխատանքի համար: «2 ոչ մի դեպքում և ոչ մի ոլորտի համար ինձ չեմ նշանակի»,- ասաց նա:
Անդրադառնալով աշխատանքից ազատ ժամանցը կազմակերպելու իր տարբերակներին` նախարարը նշեց, որ թեպետ ազատ ժամանակ քիչ ունի, սակայն մեկ-մեկ ընկերների և ընտանիքի հետ լինում է սրճարաններում և ակումբներում, զբոսնում Երևանի փողոցներում:
Ամփոփելով` Հրայր Թովմասյանը նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա ավելի քան 4500 դատապարտյալ, կրկնահանցագործների թիվը 34 է:








































