Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շանտաժի է ենթարկում ֆրանսիացի գործարարներին։
Նրանց հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, ապա թուրք-ֆրանսիական հարաբերությունները կհասցվեն նվազագույնի։
Դավութօղլուն նշել է. «Այն ժամանակ, երբ Եվրոպայում մոլեգնում է տնտեսական ճգնաժամը, Թուրքիան տնտեսական վերելք է ապրում։ Շատ եվրոպական, այդ թվում՝ նաև ֆրանսիական ընկերություններ ներդրումներ են կատարում Թուրքիայում, և Ֆրանսիայի Սենատի կողմից այդ օրինագծի ընդունումից կարող են տուժել նաև այդ ընկերությունները։ Ես վստահ եմ, որ օրինագծի ընդունումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին անդրադառնալու է դեկտեմբերի 22-ին։ Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո տուգանքով։









































