«Սլաք» ակումբի այսօրվա հյուրն էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ամփոփելով անցնող տարին՝ նա նշեց, որ կորուստները ներքինում էր, խոցելի է աղքատության տեմպերի աճը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա մատնանշեց մի շարք պետությունների ղեկավարների այցը Հայաստան, այն փաստը, որ Հայաստանը հետ չի վերցնում իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:
Գալով կադրային փոփոխություններին, որոնք, ըստ Վահան Հովհաննիսյանի, ժողովրդին և իրեն չեն հետաքրքրում, նա նշեց. «Կադրային փոփոխությունները անհրաժեշտ են իհարկե, բայց կարևոր է, թե ինչ նպատակով է դա արվում: Մենք առավելապես տեսնում ենք այդ փոփոխությունները նախընտրական գործընթացի և միջազգային հանրության ներսում ժողովրդավարական գործընթացների տպավորություն ստեղծելու առումով»:
ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության վերաբերյալ քաղաքագիտական վերլուծությանն անդրադառնալով՝ Վ. Հովհաննիսյանը նշեց. «Համագործակցություն որևէ ուժերի միջև չեմ բացառում: Իմ տպավորությամբ, ՀԱԿ-ի բոլոր նախաձեռնությունները հիմնված են տպավորություն ստեղծելու, այլ ոչ թե` արդյունքի վրա: Մեկ տարի առաջ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ջանքերը միավորեցին Ընտրական օրենսգրքի ուղղությամբ: Այդ ժամանակ ՀԱԿ-ը մեզ չմիացավ: Հիմա, երբ արդեն դժվար է նման հուզումներ բարձրացնել, պարզապես սեփական դիրքերը ամրապնդում են: Մինչդեռ այն ժամանակ, եթե մեզ սատարեին, իսկ մեզ փողոցի աջակցությունը չէր խանգարի… Բայց հիմա էլ ուշ չի: Այն ուժերը, որոնք այս հարցով մտահոգված են` առաջիկա շաբաթվա ընթացքում կարտահայտվեն: Ընտրական օրենսգրքում կան դրույթներ, որոնք պարզաբանման և լուսաբանման կարիք ունեն: Այսինքն` գործ անողը մենք ենք, քանի որ իրենք խորհրդարանում չեն, մենք ենք դա անելու»:
Վ. Հովհաննիսյանը տարօրինակ համարեց, որ վերջին տարիներին ՀԱԿ-ը խոսում էր արտահերթ ընտրությունների մասին, իշխանափոխության մասին, բայց հիմա հանկարծ հասան Ընտրական օրենսգրքին: «Ինչո՞ւ պետք է մենք ՀԱԿ-ի առաջարկած պլատֆորմին միանանք, իրենցը դեռ կազմվելիք է, թող ՀԱԿ-ը մեր պլատֆորմին միանա»,- նշեց Վ. Հովհաննիսյանը` նկատի ունենալով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկները:
«Ես ԲՀԿ դիրքորոշման մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ի գիտություն է ընդունում Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը: Իսկ ՀԱԿ-ը կարծես օգտագործում է կոնյունկտուրան, դաշինք ստեղծելու նպատակով, մինչդեռ ամիսներ առաջ օլիգարխներին ինչ ասես չէր ասել: Իհարկե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց նայած ում համար իհարկե… Բայց ես խնդիր չունեմ գնահատելու ՀԱԿ-ի անկեղծությունը, թող գնահատեն նրանք, ում առաջարկել է ՀԱԿ-ը»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե որքանով են անկեղծ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հնարավոր համագործակցության ենթատեքստում:









































