Կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անդրադարձել է նաև գնագոյացման խնդիրներին և պարզել, որ կաթնամթերքի թողարկման ծավալների և այդ արտադրության մեջ օգտագործվող ապրանքանյութական արժեքների միջև առկա են լուրջ անհամապատասխանություններ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, կա՛մ ընկերություններն ուռճացված են ներկայացնում արտադրանքի ինքնարժեքը, կա՛մ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ:
Գնագոյացման վրա ազդող գործոններից մեկն էլ այն է, որ ընկերությունները չեն պահպանում յուղայնության մակարդակը, հաճախ այն իրականում շատ ավելի ցածր է, քան նշվում է կաթնամթերքի վրա: «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այս փաստը ևս հիմնավորված է համապատասխան փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ:
Մի կարևոր հանգամանք ևս, գնագոյացման ուսումնասիրության արդյունքներն ամփոփելիս, Հանձնաժողովն այսօր նիստում եկավ այն եզրահանգման, որ արտադրողներն այս ոլորտում աշխատում են բավարար շահութաբերությամբ և զգուշացրեց զերծ մնալ գների անհիմն բարձրացումից` նշելով, որ նման քայլը կդիտարկվի որպես գների չհիմնավորված բարձրացում:










































