2011 թվականը տագնապների, չարդարացված հույսերի և սպասումների տարի էր: Այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Լ. Գալստյանը խոստովանեց, որ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին խոսելը դժվար է. «2012թ. մտնում ենք անորոշության բեռով: Թեպետ նախընտրական տարի է, բայց արդեն առկա են բազմաթիվ անորոշություններ, սոցիալական բևեռացվածություն, արտագաղթ, աղքատության տոկոսի աճ: Պետք է կառուցել երկիր, որտեղից մարդիկ չեն փախչի, մինչդեռ մենք շարունակ պատանդային իրավիճակում ենք և ներքին ճգնաժամերը պայմանավորում ենք արտաքին ազդակներով:
Քաղաքական մեծամասնությունը տապալել է կոալիցիոն հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, և իշխանության խոհեմության զինանոցը շատ խղճուկ է»,- նկատեց խորհրդարանականը` անցնող տարվա միակ զգալի առաջընթացը համարելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պահպանված ստատոս-քվոն:
«Հայաստանում կլանային համակարգ է, տնտեսությունը թաղված է կոռուպցիայի մեջ»,-ընդգծեց Լ. Գալստյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, իր հերթին նշեց, որ Հայաստանը թևակոխում է շատ կարևոր մի ժամանակաշրջան: Նա միաժամանակ նորմալ գնահատեց իշխանությունների 2011թ. իրականացրած քաղաքականությունը:
«2011թ. պետբյուջեով նախատեսված բոլոր ցուցանիշները կատարվել են, դե-ֆակտո դրանք բոլորն էլ իրականացվել են: Դրա եկամտային մասն ապահովված է, ՀՆԱ-ի համապատասխան աճ կա: Նույնը անելու ենք նաև 2012թ.: Մենք չենք ասում, թե խնդիրներ չկան, խնդիրներն առկա են, բայց դա է իրականությունը»,- նկատեց պատգամավորը:
Ամփոփելով` Վ. Այվազյանը նկատեց, որ անցնող տարում նպաստավոր պայմաններ են ստեղծվել հատկապես վարչարարության համար. «Կարո՞ղ եք ասել` որն է այն տեղը, որտեղ կարող էինք ավելի լավ աշխատել, բայց այդպես չենք վարվել: Նման տեղ չկա, և համամիտ չեմ այն գնահատականների հետ, թե իշխանությունները ոչինչ չեն արել»,- ասաց նա:









































