«Փաստարկ» ակումբի այսօրվա հյուրը` ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, խոսեց ԼՂ կարգավորման գործընթացի 2011թ. արդյունքների և հեռանկարների մասին:
Անցնող տարվա թիվ մեկ խնդիրը ԼՂ կարգավորման հարցն էր, նշեց պատգամավորը: Նա թվարկեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները. գարնանը Սոչիում` ՌԴ նախագահի հովանու ներքո, տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, այնուհետև` Կազանի հանդիպումը, Անջեյ Կասպրչիկի բավական մանրակրկիտ հարցազրույցը, որում կարևորվեց Լեռնային Ղարաբաղի դերը, և այլն:
«Կազանում պարզվեց` Ադրբեջանը համաձայն չէ առաջարկված փաստաթղթին, քանի որ տարածքային ամբողջականությունը այնքան անսասան չէ, որքան 1990-ականների սկզբին, բացի այդ` Եվրոպան ևս կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Ահա այս պատճառով էլ Ադրբեջանը չի ընդունում առաջարկները:
Սա խոսուն փաստ է, քանի որ դրանով Ադրբեջանի իշխանություններն ամրագրում են, որ իրենց ընկալումները չեն համընկնում ոչ միայն հայկական կողմի, այլ նաև եռանախագահողների և միջազգային հանրության ընկալումների հետ»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը:
ԱԺ պատգամավորը մատնանշեց Ադրբեջանի կեցվածքը` խաղաղության մեծ համաձայնագրի հասնելու վերաբերյալ կոչերը` դրանք անվանելով անհեթեթ, քանի որ պաշտոնական Բաքուն փաստորեն ցանկանում է շրջանցել բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը:
Ըստ Գագիկ Մինասյանի` Ադրբեջանը փորձում է ԼՂ հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխել:
«Մենք ամուր դիրքեր ունենք, ունենք համաձայնեցված փաստաթուղթ, որը չի ընդունում Ադրբեջանը: Ըստ էության Ադրբեջանը պահպանում է ստատուս-քվոն, և սա իրեն բավարարում է: Ադրբեջանը տարիներ շարունակ խաբել է իր հասարակությանը` նրան ասելով մի բան, իսկ բանակցություններում բռնելով այլ դիրք: Նոր մոտեցումներ են անհրաժեշտ, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը ի վերջո պահանջելու է պարզաբանել, թե ինչու են իրեն քսան տարի շարունակ խաբել»,- հայտարարեց Գագիկ Մինասյանը:











































