Արժույթի միջազգային հիմնադրամն իր զեկույցում ընդամենն արձանագրել է այն իրողությունը, որ կա մեր երկրում, և որի մասին տարիներ շարունակ խոսում ենք: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի այն հայտարարությունը, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել առկա բիզնես միջավայրը» և «իշխանությունները պետք է արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը»։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած համաշխարհային ճգնաժամի արդյունքում, նաև սպասվող ճգնաժամի պարագայում, որպեսզի երկիրը կարողանա մի փոքր դիմագրավել և ճկունություն ունենալ, բնականաբար, անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ:
«Նաև միջազգային ֆինանսական կառույցները չեն ցանկանում անարդյունավետ ներդրումներ իրականացնել, որի արդյունքում դրական առաջընթաց չի լինի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:










































