Արցախի ժողովուրդը պետք է մասնակցի խաղաղարար գործընթացին: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: «Ես հարգում եմ Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, իրենց իրավունքները և կամարտահայտության իրավունքը և կարծում եմ այդ ժողովուրդը պետք է մասնակցի խաղաղարար գործընթացին»,- նշեց Ք. Քոքսը:
Բարոնուհին «շատ դրական» գնահատեց Ղարաբաղի մոտեցումը, որ պատրաստակամություն կա բանակցելու և քննարկելու որոշ պայմանների ներքո որոշ հողերի վերադարձման հարցը: Ք. Քոքսը ցավ արտահայտեց, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը հանդես է գալիս շատ ագրեսիվ կեցվածքով և հայտարարություններ է անում իր ռազմական պոտենցիալը մեծացնելու վերաբերյալ:
«Հույս ունեմ, որ երբևէ Ադրբեջանը կորդեգրի ավելի ռացիոնալ և կառուցողական մոտեցում, և դա ոչ միայն կցուցադրի, այլև գործի մեջ կդնի, որովհետև երբեմն ասում են մի բան, անում են մեկ այլ բան»,- ասաց Ք. Քոքսը:










































