Գործադիրն այսօր նիստում որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Ատլաս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հոկտեմբերի 20-ը։ Ընկերությունը նախատեսում է Երևանի Նուբարաշենի համայնքում հիմնել մսատու հավերի աճեցման և մորթման, ինչպես նաև կերի պատրաստման արտադրամաս։
Վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունն առաջնորդվել է հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք օբյեկտների և սողանքային հատվածների հետազոտման գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ։ Հորդառատ անձրևի և այլ բնածին երևույթների հետևանք հանդիսացող փլուզման, ողողումների և սողանքի հետևանքով առաջացել է մի շարք օբյեկտների և սողանքային հատվածների հետազոտման անհետաձգելի պահանջ, որի համար անհրաժեշտ է իրականացնել նշված օբյեկտների նախագծային և երկրաբանական հետազոտական աշխատանքներ։ Որոշմամբ նախատեսվում է կատարել նաև Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու 82-րդ կիլոմետրի (Տավուշի մարզի Այրում բնակավայրի մոտ) սողանքի հետևանքով փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախագծային աշխատանքներ։
ՀՀ կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվել է թանկարժեք մետաղների բնագավառի քաղաքականությունը։ Մասնավորապես, «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների կողմնորոշիչ գների և սակագների սահմանման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների, իսկ թանկարժեք մետաղների բնագավառի քաղաքականության իրականացումը, արտոնագրերի տրամադրումը, որակավորման քննությունների կազմակերպումը և առուվաճառք իրականացնող անձանց գործունեության վերահսկողությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Լուծարվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը, որի գործառույթները փոխանցվել են նշված երկու նախարարություններին։ Սահմանվել է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հատկորոշման, հարգադրոշմման արտոնագրումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը` ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Փոփոխություններ կատարելով իր 2010 թ. ընդունած համապատասխան որոշման մեջ` ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2012 թ. ցանկը, ուր ընդգրկված է 37 հարկ վճարող։











































