Իսլանդիայի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին որոշում է ընդունել պաշտոնապես ճանաչել Պաղեստինի անկախությունը: Այս մասին հաղորդում է իսրայելական Yediot Akhronot թերթը:
«Իսլանդիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն այդ քայլին է դիմել: Այժմ ես բոլոր լիազորություններն ունեմ՝ այդ պետությունը պաշտոնապես ճանաչելու հատարարություն անելու համար»,- ասել է Իսլանդիայի արտգործնախարար Օսսուր Սկարֆեդիսսոն:
Խորհրդարանի որոշման համաձայն՝ Ռեյկյավիկը ճանաչել է Պաղեստինը մինչ 1967 թ. վեցօրյա պատերազմը եղած սահմաններով, որի մեջ մտնում է Արևելյան Երուսաղեմը՝ առանց հրեական բնակավայրերի:
Նույն բանաձևում պատգամավորները կոչ են արել իսրայելցիներին և պաղեստինցիներին չդադարեցնել խաղաղ բանակցությունները և ուղիներ փնտրել ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա հակամարտությունը կարգավորելու համար:
Նշենք, որ սա վերջին օրերին պաղեստինցիների երկրորդ դիվանագիրտական հաջողությունն է: Երկու օր առաջ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի վրա բարձրացվեց Պաղեստինի դրոշը, որով պաշտոնապես հաստատվեց Պաղեստինի անդամակցությունն այդ կազմակերպությանը:











































