Դեկտեմբերի 14-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
Վերջինս դեսպան Սեյրանյանին շնորհավորել է Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-չեխական քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հանդիպմանը Հայաստանի դեսպանը զրուցակցին տեղեկացրել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
Չեխիայի Սենատում Սեյրանյանը հանդիպումներ է անցկացրել նաև սենատորներ Յարոմիր Շտետինայի, Պետր Բրատսկու և Յան Հորնիկի հետ:










































